3 հուլիսի 2012 - 16:49 AMT
Արմեն Գևորգյանն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՏԿՆ լրատվական ծառայությունից` զրուցակիցները քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների`հատկապես ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը:

Փոխվարչապետն անդրադարձել նաև ԱԶԲ աջակցությամբ իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրին` նշելով, որ կառավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք ընդգրկված են նաև ԱԶԲ-ի ծրագրում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջիկայում համատեղ քննարկում կազմակերպել` քաղաքում ներդրումային նախագծեր իրականացնող եւ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կողմերն անդրադարձել են նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի իրականացման հիմնական փուլը: