4 հուլիսի 2012 - 13:18 AMT
Պերմում Արթուր Ղուկասյանը կազմակերպել է բացօթյա թատրոնների միջազգային փառատոն

Հայ դերասանների միությունն Արթուր Ղուկասյանի գլխավորությամբ առաջին անգամ հայաստանյան թատերական պատմության մեջ Պերմի «Սպիտակ գիշերներ» փառատոնի հրավերով կազմակերպել էր բացօթյա թատրոնների միջազգային փառատոն՝ «Պերմ-սթրիթ»:

Ինչպես մամլո ասուլիսում նշեց Ղուկասյանը, «Առանց սահմանափակումների» կարգախոսով փառատոնին մասնակցել է 7 թատրոն 5 երկրից` Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Հայաստանից, Ղազախստանից: Նրա խոսքով, մեծ ֆինանսներ են պետք, նմանատիպ փառատոներ կազմակերպելու համար, այդ պատճառով էլ այն Հայաստանում, առայժմ, չի կազմակերպվի:

Հայաստանը ներկայացրել է «Միհր» թատրոնը, փառատոնում կայացել է նրանց «Մտքերի երկխոսություն» ներկայացման պրեմիերան: Թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը նշեց, որ Պերմի փառատոնն անցել է բարձր մակարդակով, կար կազմակերպչական բարձր հարթություն, որին, իրոք, պետք է ձգել:

«Մտքերի երկխոսությունը» հայ հանդիսատեսի դատին կհանձնվի «Հայֆեստ» փառատոնի ժամանակ: