4 հուլիսի 2012 - 16:37 AMT
ԿԸՀ-ն իրականացրել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական և մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են, ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` իրականացվել են ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները, կազմավորվել են ընտրական տեղամասերը, և սահմանվել են տեղամասային կենտրոնները:

Հերթական նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ըտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 3 արձանագրությունը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Հեգելի Ավետիսյանին տալու մասին: