4 հուլիսի 2012 - 16:42 AMT
«Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող փոխգնդապետը կալանավորվել է 2 ամսով

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ երեկ երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՊՆ քննչական վարչության լրատվական ծառայության պետ Մերի Սարգսյանը` նշելով, որ Վարդան Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։

Հուլիսի 1-ին Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը փորձել էր պայթեցնել ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատգամավոր «Հարսնաքար» ռեստորանը, որտեղ հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ու նրա երկու կոլեգաները: Հունիսի 20-ի երեկոյան Վահե Ավետյանը, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր:

Օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո փոխգնդապետը հրաժարվել էր ռեստորանը պայթեցնելու մտադրությունից: Ավելի ուշ նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք: