4 հուլիսի 2012 - 18:38 AMT
Հրանուշ Հակոբյանը և Իրանի դեսպանը քննարկել են «Իրանահայերի օրեր» ծրագիրը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` նախարարը ողջունելով դեսպանին` ընդգծել է Իրանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ և կարևորել իրանահայերի մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

Դեսպանը նշել է, որ իրանահայերը Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են և կարևոր դերակատարություն ունեն Իրանի մշակութային, կրթական, գիտական և տնտեսական կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանում և Հայաստանում «Իրանահայերի օրեր» ծրագիրն իրականացնելու, իրանահայ համայնքի վերաբերյալ գրքի տպագրության և ֆիլմի նկարահանման հնարավորությունը` նշելով, որ դրանք էլ ավելի կնպաստեն Հայաստան-Իրան բարեկամության ամրապնդմանը: