4 հուլիսի 2012 - 20:03 AMT
Սփյուռքի նախարարն ու ՀՀ-ում Լիբանանի գործերի հավատարմատարը քննարկել են «Լիբանանահայ համայնքի օրեր» ծրագիրը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը հյուրին ներկայացրել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ծրագիրը և կարևորել լիբանանահայերի մասնակցությունը փառատոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ մշակութային, կրթական և գիտական ծրագրեր իրականացնելու, Հայաստանում Լիբանանից ներդրողների ներգրավվածության մեծացման հեռանկարները:

Քննարկվել են նաև նախարարության «Լիբանանահայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում «Լիբանանահայ մշակութային օրերը Երևանում» միջոցառում կազմակերպելու հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին նախարարն Արա Խաչադուրյանին նվիրել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ տպագրված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը: