5 հուլիսի 2012 - 15:05 AMT
Հայկական հեռուստաալիքների շնորհիվ մարդիկ սկսել են Discovery նայել, կատակում է Նիկոլայ Ծատուրյանը

Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպմանը ժպիտով նշեց, որ հայկական հեռուստաալիքներին շնորհակալ է, որովհետև դրանց շնորհիվ մարդիկ սկսել են կաբելային` Discovery, Animal Palnet և նման այլ ճանաչողական ալիքներ նայել: Նրա խոսքով, ամեն ինչ պետք է չափավոր լինի, հատկապես եթերից դուրս եկող շուկայական հարաբերությունները կամ «լաչառությանը»: Ծատուրյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ միանշանակ պետք է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կորոշի եթերի որակը և չափորոշիչները: Նա նաև գտնում է, որ միանշանակ ՀՀ նախագահը ևս պետք է նպաստի եթերը մաքրելու գործին:

Ասուլիսի մյուս բանախոսը` Սերգեյ Դանիելյանը, գտնում է, որ եթերի մաքրման աշխատանքը նախագահի հետ կապ չպետք է ունենա, բայց կողմ է հանձնաժողովի ձևավորմանը: Երկու բանախոսներն էլ հեռուստասերիալներին դեմ չեն, սակայն Դանիելյանը գտնում է, որ եթերի վերահսկողություն պետք է լինի միայն պետական ալիքներում, իսկ Ծատուրյանը գտնում է, որ դա պետք է վերաբերվի նաև մասնավորին:

Կողմերի կարծիքը տարբեր էր նաև սերիալների բովանդակության հարցում: Դանիելյանը գտնում է, որ հեռուստասերիալները պետք է լինեն ժամանցային, իսկ Ծատուրյանը` ճանաչողական: