5 հուլիսի 2012 - 17:49 AMT
Հուլիսի 26-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի բեմադրած նոր օպերայի պրեմիերան

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը հուլիսի 26-ին կներկայացնի իր «Ֆենգ յի թինգ» օպերայի բեմադրությունը: Էգոյանը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես կինոռեժիսոր, բայց դրա հետ մեկտեղ բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է: Օպերայի պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքի Լինքոլնի կենտրոնի փառատոնի ընթացքում:

Օպերան պատմում է չինական Խան դինաստիայի ժամանակաշրջանում ապրած լեգենդար կուրտիզանուհի Դիաո Չանի սիրո համար ծավալված պայքարի մասին: Օպերայում շոշափվում են սիրո, քաղաքական ինտրիգների և կաշառակերության թեմաները:

Օպերայի հեղինակն է կոմպոզիտոր Գուն Վենջինգը: Բեմադրության համար Էգոյանն օգտագործել է չինական հանրահայտ Տեռակոտե բանակի պրոյեկցիաները: Նա նաև օգտագործել է ավանդական տիկնիկային թատրոնի ստվերները և շարժվող լուսագրեր (տիտրեր):

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 5-ից օգոստոսի 5-ը, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը: