7 հուլիսի 2012 - 12:25 AMT
Այսօր ակադեմիկոս Լևոն Օրբելու 130-ամյակն է

Ուղիղ 130 տարի առաջ այս օրը` 1882-ի հուլիսի 7 -ին Ծաղկաձորում ծնվեց հայ խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս Լևոն Օրբելին:

1904-ին Օրբելին ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, որից հետո 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում: 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին` Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1943-50-ին` նույն ակադեմիայի վարիչ 1936-50-ին տնօրինել է ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից հետո եղել է Պավլովի անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը:

Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում: Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում:

Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին տեսական և գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ:

Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Մեծ է նրա ավանդը ֆիզիոլոգիայի զարգացման գործում նաև Հայաստանում: Նրա անունն է կրում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը: