9 հուլիսի 2012 - 12:23 AMT
«Ոսկե ծիրան». Բրազիլահայ ռեժիսորի ֆիլմի առանցքը հայկական մշակույթն է

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնում բրազիլահայ ռեժիսոր Սեզար Գանանյանը ներկայացնում է «Հայկական ռապսոդիա» ֆիլմը: Մամլո ասուլիսի ժամանակ ռեժիսորը նշեց, որ այն արվել է հայկական երաժշտության և պատմության հիման վրա, և գլխավոր դերակատարները հայկական դեմքերն ու մեղեդիներն են: Ֆիլմում արծարծվում է նաև Հայոց ցեղասպանության թեման, սակայն, ռեժիսորի խոսքով, դա չէ ֆիլմի առանցքը:

Կերպարների բազմազանությունից ստեղծված «ճանապարհային» ֆիլմ է, որտեղ դեմքերն ու երաժշտությունն են իրական հերոսները: Ռապսոդիայի պես ֆիլմում էլ երաժշտական և պատմողական հատվածները համադրված են` թեմաների, խորության և նբերանգների վարիացիաներով:

Ֆիլմի առաջին մասում հնչում են «Ռեինկարնացիա» հայկական ռեգի խմբի ստեղագործությունները, ֆիլմի մյուս մասում`Ռուբեն Հախվերդյանի «Եթե իմանայիր» երգը: Սակայն, ֆիմի հիմքում Սայաթ-Նովայի, Կոմիտասի և Խաչատրյանի երաժշտությունն է:

Խոսելով հայոց պատմության մասին, ռեժիսորը գտնում է, որ շատ ավելի կարևոր է տեսնել, թե ինչպիսին են այսօր հայերը: Ֆիլմն առաջին անգամ է ներկայացված միջազգային կինոփառատոնում, այն հոկտեմբերին ներկայացվելու է Սան Պաուլոյի հեղինակավոր փառատոնին: Ռեժիսորը խոստացավ, որ կթողարկվի ֆիլմի տեսասկավառակը և կցուցադրվի կինոթատրոններում: Ֆիլմը նկարահանվել է քսան օրում, բայց մոնտաժվել յոթ ամիսների ընթացքում: