9 հուլիսի 2012 - 13:58 AMT
«Ես եմ» ֆիլմի աշխատակազմի համար կարևոր է, որ ֆիլմն ապրի և սերունդներին պատմի մեր բանակի մասին

Հայ հանդիսատեսին քաջ ծանոթ «Ես եմ» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի մրցութային փուլում:

Ֆիլմի ռեժիսոր Վահագն Գրիգորյանը նշեց, որ դա կյանքից մի հատված է համազգեստի մեջ: Դա մի ֆիլմ է, որը հետագա սերունդներին կներկայացնի այսօրվա բանակը, թե ինչու, ուր և ում համար ենք գնում: Վահագն Գրիգորյանի խոսքով, կարևոր մրցանակն իր համար այն կլինի, որ ֆիլմն ապրի և մեր սերունդներին պատմի մեր բանակի մասին:

Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մազմանյանը նշեց, որ գաղափարը հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական փուլում առաջացավ, երբ «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեծ ռիսկի դիմեց, ունենալով միայն երկու ամիս ժամանակ:

Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը գնում է պարտադիր զինվորական ծառայության և նպատակ ունի դրանից հետո ամուսնանալ ընկերուհու հետ ու մեկնել քեռու մոտ` արտերկիր` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար:

Սահմանամերձ զորամասում սկսվում է տղայի բանակային կյանքը: Նա ձեռք է բերում տղամարդուն բնորոշ նոր հատկություններ, տիրապետում ֆիզիկական ուժին, կարոտի զգացում է ապրում, նոր ընկերներ գտնում, սովորում լավն ու վատը զանազանել: