9 հուլիսի 2012 - 14:46 AMT
Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ի համար աշխատանքի կարևոր ուղղություններից է արտաքին կապերի զարգացումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀԿ առաջիկա քայլերն ու անելիքները արտաքին կապերը զարգացնելու ուղղությամբ` նշելով, որ արտաքին կապերը զարգացնելու ուղղությունը դարձել է ՀՀԿ-ի անելիքների կարևորագույն ուղղություններից մեկը:

Աշոտյանը նշեց, որ նպատակ կա արտասահմանյան այլ գաղափարակից կուսակցությունների հետ շփումների արդյունքում արդիականացնել կուսակցությունների աշխատանքի մեթոդաբանությունը։

«Դասական կուսակցություններին զուգահեռ առաջ են եկել նոր տեսակի, նոր մեթոդաբանությամբ աշխատող, տեղեկատվական նոր հասարակությանը հարմարվող կուսակցություններ: Դրա համար դասական կուսակցությունները գոյատևման համար պետք է հարմարվեն տեղեկատվական հասարակությանը և աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակեն»,–ասաց նա:

Աշոտյանը նշեց նաև, որ օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կանցկացվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որին կմասնակցեն ՀՀԿ-ի և Արցախի բոլոր խորհրադարանական կուսակցությունները: