9 հուլիսի 2012 - 19:14 AMT
Հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Շախկուլյանը քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի և այլ գույքերի առկայության պայմաններում, բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա և այն իրացրել:

«Մասնավորապես` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում Ա. Շախկուլյանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, համաձայն որի` կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա: Արդյունքում` Վ. Հովհաննիսյանին պատճառվել է 7 289 000 դրամի վնաս»,–նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար: