10 հուլիսի 2012 - 09:54 AMT
«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանն իր գազալցակայաններում գազի գինն իր ցանկությամբ է որոշում

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է , որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է` հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, և ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է: Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում: «Ժողովուրդ»-ը փորձել է Սյունիքի մարզպետից ճշտել, թե ինչու է բարձրացրել իրեն պատկանող գազալցակայաններում մատակարարվող գազի գինը:

Հեռախոսազանգին պատասխանել է Խաչատրյանի օգնականն ու ասել, թե թերթը կարող է հարցն ուղղել նաև իրեն: Այն լսելուց հետո խոստացել է մի քանի րոպեից զանգահարել, սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ ոչ միայն չի զանգահարել, այլև թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: