
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) երկրորդ եռամսյակի «սև ցուցակում» հայտնվել են ՀՀԿ, ԲՀԿ, ՀԴԿ և ՀԱԿ-ը կուսակցությունները` ինֆորմացիա չտրամադրելու համար: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ԲՀԿ-ն, ՀԴԿ-ն և ՀԱԿ-ը չեն պատասխանել ԻԱԿ-ի գրավոր հարցմանը ընտրությունների ընթացում նախընտրական քարոզարշավի վրա ծախսած գումարների վերաբերյալ, իսկ ՀՀԿ-ն էլ հայտնվել է ցուցակում, քանի որ չի պատասխանել մայիսի 4–ին Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման ընթացքում օգտագործված փուչիկների քանակի, դրանց վրա ծախսված գումարի և դրանց ձեռքբերման մասին ԻԱԿ-ի գրավոր հարցմանը:
Իրավաբանը նշեց, որ իրենք տեխնիկական խնդիրներից խուսափելու համար մեկ հարցումը կրկնակի անգամ են ուղարկում: «Ելակետ» ակումբի ասուլիսավար Սահականուշ Պողոսյանը նշեց, որ իրենք ցուցակում հայտնված կուսակցություններից փորձել են մեկնաբանություն ստանալ տվյալ դեպքերի մասին: ՀՀԿ –ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմանզանովն ասել է, որ չի ստացել որևէ հարցում և տեղյակ չէ հարցումից: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է, որ բանավոր է ներկայացվել հարցման պատասխանը:
ՀԴԿ-ից նույնպես պատասխանել են, որ տեղյակ չեն հարցումից, իսկ ՀԱԿ-ի հետ չի հաջողվել կապվել:
Գևորգ Հայրապետյանը նշեց, որ իրենք այս դեպքերի հետ կապված արդեն դատի են տվել ԲՀԿ-ին և ՀԴԿ-ին, իսկ թե ինչու միայն այս կուսակոցություններին, իրավաբանը բացատրեց նրանով, որ ԻԱԿ-ը դատարան դիմելիս ընտրում է հարցման մերժման բովանդակային այնպիսի դեպքեր, որոնք որևէ հարց կարող են լուծել հետագայում, որոնք կարող են դատական նախադեպ ստեղծել:
Նա նաև ասաց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոն շատ հաճախ դիմում են հենց հասարակ քաղաքացիները` տարբեր խնդիրներով և ուսանող լրագրողները։
Հազվադեպ են դիմում գործող լրագրողները։