10 հուլիսի 2012 - 16:51 AMT
Զանիեր. Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի անվտանգության հիմնական սպառնալիքն է

Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի տարածաշրջանային ու տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքն է: Ինչպես հայտնում է Aze.az-ը, Բաքվում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են, իսկ քաղաքական կամքն ու հավատարմությունը բանակցություններին նախադրյալներ են լուծման որոնման համար»,-հայտարարել է Զանիերը Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո:

Զանիերը նաև աջակցություն է հայտնել ՄԽ գործունեությանը, որոնք ուղղված են կարգավորման ուղիների որոնմանն ու երկու երկրների միջև հրադադարի պահպանմանը:

Զանիերն ասել է նաև, որ ինքը խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով, որոնք թուլացնում են երկար սպասված խաղաղությանն ուղղված ջանքերը:

Թբիլիսի և Բաթում այցելությունից հետո Զանիերը հինգշաբթի կժամանի Երևան: