26 հոկտեմբերի 2004 - 23:40 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման առումով վերջին տարիների արդյունքներն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում: Այդ մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ-ի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դինա Մալիշեւան «Նովայա պոլիտիկա» թերթում հրապարակված «ԱՊՀ հակամարտային գոտիներն ու նոր աշխարհակարգը» խորագրով հոդվածում: Քաղաքագետի կարծիքով, այն պատճառով, որ Անդրկովկասում հետխորհրդային բոլոր հակամարտությունները ոչ թե կարգավորվել են, այլ «սառեցվել», չի կարելի բացառել դրանց վերսկսման սպառնալիքը, հետեւաբար, տարածաշրջանի երկրների եւ Ռուսաստանի ապակայունացումը: ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի այլ երկրները շահագրգռված են այդ հակամարտությունների կարգավորման առնչությամբ, որոնք կարող են խոչընդոտել տարածաշրջանում նրանց տնտեսական նախագծերի իրականացմանը, կարծում է Դ. Մալիշեւան: Միեւնույն ժամանակ, գտնում է քաղաքականագետը, շատ ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչներ վստահ են, որ հետխորհրդային տարածությունում հակամարտային իրավիճակները կարգավորել կարելի է նաեւ առանց Ռուսաստանի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը հավասարակշիռ դիրքորոշում է ցուցաբերում` հասկացնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր համար հավասար արժեք ունեն: «Սակայն Ռուսաստանը մտադիր չէ խաղաղարար գործընթացում Կովկասում իր կշռին ու ազդեցությանը համապատասխանող տեղն ինչ-որ մեկին զիջել», - նշել է Դ. Մալիշեւան` ավելացնելով, որ Մոսկվան պատրաստ է երկխոսություն զարգացնել բոլոր շահահգրգիռ կողմերի հետ եւ դառնալ խաղաղ պայմանավորվածությունների երաշխիքը: Ռուսաստանի հետ հաշվի նստել ստիպված կլինեն նաեւ այն պատճառով, որ նա ռազմավարական համագործակցություն է զարգացնում Ադրբեջանի հետ եւ տեսանելի ապագայում կպահպանի իր տնտեսական եւ ռազմական ներկայությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածությունում քաղաքական մթնոլորտը կորոշի ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը: