12 հուլիսի 2012 - 12:13 AMT
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծով

ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում արտերկրից ֆինանսավորվող և քաղաքական գործունեությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծի քննարկմամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Ըստ նրա, ԱՄՆ իր դիրքորոշման մասին իրազեկել է ռուսական կողմին:

Լրագրողների այն դիտարկմանը, որ ԱՄՆ-ում ևս սահմանափակված է արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը, Վենտրելը պատասխանել է. «ՈԱԿ-ներից կարող են պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, իսկ դա բոլորովին այլ բան է»:

Պետդուման անցած ուրբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց արտերկրից ֆինանսավորվող ռուսական ՈԱԿ-ներին «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումը նախատեսված է հուլիսի 13-ին: