12 հուլիսի 2012 - 15:27 AMT
Չինաստանի դեսպանը բարձր է գնահատում Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականությունը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Չինաստանի դեսպանի գնահատմամբ` հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացումն ու արդյունավետ աշխատանքը լավ օրինակ կարող են դառնալ հետագայում էլ ավելի զարգացնելու համատեղ ձեռնարկատիրությունը, իսկ երկու երկրների մայրաքաղաքների միջև ստեղծված ամուր կապերը միջտարածքային զարգացման հիանալի հեռանկարներ կարող են բացել: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը` դեսպանը բարձր է գնահատել խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը, ինչը, նրա գնահատմամբ, միակ արդյունավետ եւ իր երկրի ու միջազգային հանրության համար ընդունելի տարբերակն է:

Շարմազանովը նույնպես կարևորել է երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: