13 հուլիսի 2012 - 14:46 AMT
«Հարսնաքար»–ի գործով ԱԺ արտահերթ լսումներ կազմակերպելու դիմումին միացել են 18 պատգամավորներ

Ազգային ժողովի առջև ներկայումս հավաքվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր պահանջում են հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` քննարկելու «Հարսնաքար»–ի միջադեպի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հարցը։

Ակտիվիստները պատրաստել են ցուցանակներ, որոնց վրա նշված են այն պատգամավորների անունները, ովքեր կողմ են արտահայտվել արտահերթ նստաշրջան կազմակերպելուն և ստորագրել են դիմումը։ Այս պահի դրությամբ կա ԱԺ 4 խմբակցությունների 18 պատգամավորների ստորագրություններ։

Ստորագրել են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության բոլոր 7 անդամները, «Ժառանգության» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Ալիկ Արզումանյանը։

ՀՅԴ-ից ստրագրել է Վահան Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունից Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը։

PanARMENIAN.Net–ի թղթակցի հաղորդմամբ, որոշ խմբակցություններ սպասում են, որպեսզի իրենց պատգամավորները ևս գան ու միանան ստորագրահավաքին։

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցներին ասաց, որ բոլոր ստորագրողները դա անում են անհատական որոշմամբ և ոչ թե կուսակցության։

«Սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական խնդիր է։ Դատական մարմինները պետք է հետևություն անեն»,–նշեց Փաշինյանը։

Նա անդրադառնալով նախալսումներ անցկացնելու համար 44 ստորագրությունների չհավաքվելուն , ասաց, որ ոչինչ չի խանգարում այս ստորագրություններն ավելի ուշ հավաքել։

Իսկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ակտիվիստ Դավիթ Սանսարյանն էլ նշեց, որ իրենք շարունակելու են ակցիաներ անցկացնել։