1 նոյեմբերի 2004 - 18:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՍՊԱՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ձգձգմանը զուգընթաց աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը, քանի որ ադրբեջանական պետությունը չի կարող անվերջ սպասել հակամարտության կարգավորմանը»: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Բուլղարիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Աղբյուրի համաձայն, ադրբեջանցի նախարարը իր բուլղարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Սողոմոն Պասիի նախագահության օրոք նոր խթան էր հաղորդվել հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Միեւնույն ժամանակ Ս.Աբիեւը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի հիման վրա: Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտորւթյան չկարգավորվածությունը բացասական ազդեցություն է գործում խոշոր տարածաշրջանային նախագծերի իրականացման վրա: