13 հուլիսի 2012 - 16:48 AMT
Արմեն Ռուստամյան. Ոմանց մոտ անպատժելիության զգացում է ձևավորվել, իսկ քաղաքացիների մոտ՝ անպաշտպանվածության

«Ակնհայտ է, որ գլխավոր հարցն այն է, որ այժմ հարկավոր է ԱԺ միջամտությունն այդ գործընթացին և չի կարելի սահմանափակվել միայն «Հարսնաքարով», քանի որ «Հարսնաքարը» վերջին կաթիլը եղավ՝ լցնելով ժողովրդի համբերության բաժակը»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշել է, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում, և ոմանց մոտ անպատժելիության զգացում է ձևավորվել, իսկ քաղաքացիների մետ՝ անպաշտպանվածության:

Ըստ Ռուստամյանի, դա շատ վտանգավոր երևույթ է, որի պատճառը գործադիր մարմինների ու իշխանության մյուս օղակների անբավարար աշխատանքն է:

«Ակնհայտ է, որ ԱԺ միջամտությունն այդ հարցին անհրաժեշտ է և խորհրդարանը պետք է միջամտի իր կանոնակարգի համաձայն»,-ասել է նա:

Ըստ Ռուստամյանի, այդ միջամտությունը կարող է լինել և լսումների, և արտահերթ նիստի, և ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման միջոցով, որը չպետք է զբաղվի միայն Վահե Ավետյանի սպանության գործով:

Ըստ Ռուստամյանի, ստորագրությունները դժվար է հավաքել նաև զուտ տեխնիկական պատճառներով:

PanARMENIAN.Net-ի այն հարցին, թե իրազեկ էին արդյոք ՀՅԴ-ում ՀԱԿ երեկվա ասուլիսի ու հայտարարության մասին, Ռուստամյանն ասաց, որ ոչ, իրազեկ չէին:

ՀԱԿ-ը որոշել է ստորագրահավաք նախաձեռնել հուլիսի 17-ին Վահե Ավետյանի սպանության գործի քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Արտահերթ նիստ գումարելու համար հարկավոր է 44 պատգամավորի ստորագրություն: