13 հուլիսի 2012 - 18:59 AMT
Աբդռաշիտովը, Շենգելայան և Գազդան արժանացան ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների

Այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան և Յանուշ Գազդան արժանացան ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների: Մեդալները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Վադիմ Աբդռաշիտովին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նշենք, որ Աբդռաշիտովի «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի Երևանյան պրեմիերաներ ծրագրում:

Վրաց հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում:

Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Նշենք, որ Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: