Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Տոնինո Գուերայի այրու հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Տոնինո Գուերայի այրու հետ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան այցելած Էլեոնորա Գուերային և նրան ուղեկցող գործընկերներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ իր հարգանքն է հավաստել հանրահայտ սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերայի հիշատակին և վստահեցրել է նրա տիկնոջը, որ Գուերայի, որպես նաև հայ ազգի բարեկամի, մասին հիշողությունները երկար կմնա հայ ժողովրդի հուշերում:

Այնուհետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը և նշել, որ Երևանն այսօր բավականին դինամիկ զարգացող քաղաք է ու քաղաքային իշխանություններն էլ իրենց լիազորությունների շրջանակում անում են հնարավորը քաղաքն առավել ժամանակակից, հարմարավետ ու ներկայանալի դարձնելու ուղղությամբ, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

«Երևանն այսօր զարգացման իրապես մեծ ներուժ ունի, ինչը հաշվի առնելով մենք որդեգրել ենք գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման բաց ու պատրաստակամ աշխատաոճ: Ներդրումային ցանկացած առաջարկ, որը կարող է նպաստել մայրաքաղաքի համաչափ զարգացմանը, ողջունվում և մեր լիազորությունների շրջանակում ստանում է համապատասխան աջակցություն»,-նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Տոնինո Գուերայի հիշատակը հարգելու համար, Էլեոնորա Գուերան իր հերթին նշել է, որ իսկապես տպավորված է Երևանի թե ճարտարապետական տեսքով և թե երևանցիների ջերմ հյուրընկալությամբ ու քաղաքային կոլորիտով: Հիացմունք արտահայտելով մայրաքաղաքի ինքնատիպ շատրվանների մասին, տիկին Գուերան նշել է, որ իր ամուսինը հայտնի է եղել նաև իր հեղինակած շատրվանների նախագծերով և հույս է հայտնել, որ դրանցից մեկն էլ կարող է կառուցվել Երևանում:

Տոնինո Գուերայի շատրվանային նախագծերի իրագործող ինժեներ-ճարտարապետ Ռիտա Ռոնկոնին, ով ևս ներկա էր հանդիպմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել Գուերայի նախագծերով արդեն կառուցված շատրվանների լուսանկարներով ալբոմը:

Ծանոթանալով իրագործված նախագծերին Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ քննարկել Գուերայի հեղինակած շատրվանային նախագծերն ու ավելի հստակ առաջարկ ներկայացնել քննարկման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---