14 հուլիսի 2012 - 11:32 AMT
Խնձորեսկ գյուղի մոտ մեքենա է շրջվել. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ԱԻՆ այսօր` հուլիսի 14–ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OO 214 պ/հ-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի ուղևորներ, 1965 թ. ծնված Արմեն, 1995 թ. ծնված Մնացական և 2006 թ. ծնված Դանիել Արփինյաններին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանին, ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1964 թ. ծնված Աննա և 1993 թ. ծնված Պերճուհի Արփինյաններին, որոնք նույնպես տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի մաս: