14 հուլիսի 2012 - 13:43 AMT
Սիրիահայ համայնքի ներկայացուցիչը բողոքում է Հալեպ–Երևան չվերթի տոմսի գնից

Սիրիա-Հայաստան ինթնաթիռի տոմսի գներն արհեստականորեն թանկացված են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին սիրահայ համայքնի ներկայացուցիչ Հարութ Փավոլյանն ու նախագահին կից հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը։

Հարութը, ով մեկ շաբաթ առաջ է Սիրիայից եկել, նշեց, որ Հալեպ–Երևան չվերթի տոմսերը «Արմավիա» ընկերությունը վաճառում է 470 դոլար, այնինչ, Սիրիական ավիաուղիները Հալեպից դեպի երևան չվերթն իրականացնում են 160 դոլար էժան` 320 դոլարով։ Սակայն Սիրիական ավիաուղիների տոմսերը մինչև սեպտեմբեր ամիս արդեն ամբողջությամբ պատվիրված են։

Հարութի հավաստմամբ, սիրահայերի համար դժվար է 480 դոլար վճարել ինքնաթիռի տոմսի համար։ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն ասաց, որ իրենք պատրաստվում են այս հարցով դիմել Կապի և տրանսպորտի նախարարություն։

«Անցած տարի Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տան» ծրագրի շրջանակներում մյուս երկրների սփյուռքահայ երիտասարդները ևս բարձրացրին այն հարցը, որ «Արմավիա» ընկերության տոմսերը դեպի Հայաստան շատ թանկ են և դրա պատճառով իրենք չեն կարողանում գալ Հայաստան։ Ստիպված են լինում տրանզիտներով գալ` էժանության համար»–ասաց նա։ Հարութի խոսքով, մեկ տարի առաջ Հալեպ–Երևան տոմսի գները 120-150 դոլարով ավելի էժան էր։

Նա նաև պատմեց, որ երբ Սիրիայից են պատվիրում ինքնաթիռի տոմս, ասում են չկա, սակայն Հայաստանից պատվիրելու դեպքում տոմսեր գտնվում են։

Հարութը հենց այդպես է եկել Հայաստան։ Նրա տոմսն այստեղից պատվիրել է իր եղբայրը։ Հարութի տվյալներով, Սիրիայում բնակվող գրեթե բոլոր հայերը դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայից հնարավոր է միայն Հայաստան և Ռուսաստան թռչել, մնացած բոլոր ուղղություններով ոչ մի չվերթ չկա։