14 հուլիսի 2012 - 14:32 AMT
ԱԺ մամլո ծառայությունը հերքել է այն լուրը, թե Մատվիենկոն ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է արել

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հրապարակ» օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտությունների կապակցությամբ հայտարարում ենք, որ դրանք ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Ոչ պաշտոնական հանդիպումների, և ոչ էլ առավել ևս ճաշի ժամանակ նման քննարկումներ չեն եղել: Ցավոք, շատ հաճախ ԶԼՄ-ներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Այս հրապարակումը դրանց շարքից է»:

«Հրապարակ» օրաթերթի հրապարակման մեջ ասվում էր, թե իբր իր պատվին կայացած պաշտոնական ճաշի ժամանակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, թե «աշխարհում բոլորն են հասկանում, որ այսուհետ Ղարաբաղը չի կարող կրկին Ադրբեջանի կազմում հայտնվել, սակայն Ադրբեջանում այսօր չկան գործիչներ, որոնք կարող են նման հայտարարություն անել»: