14 հուլիսի 2012 - 14:33 AMT
ՄԻՊ-ը պնդում է, որ Սևանից ջրառման մասին օրենքը խախտումներով է ընդունվել

Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Տարածքային կառավարման նախարարության պարզաբանմանը կապված Սևանից ջրառի հետ։ Տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն ըստ էության չէր հերքում օրենքի պահանջների խախտման փաստը և չէր արտացոլում իրերի իրական վիճակը:

Այսպես, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ մասի համաձայն նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ: Այսպիսով, մինչև համանման նախագիծը ԱԺ ներկայացնելը դրա շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը օրենսդրական պահանջ է և նման քննարկման ողջ ընթացակարգը մանրամասն ամրագրված է օրենսդրությամբ:

Նույնիսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ հիշյալ օրինագիծը մինչ ԱԺ ներկայացնելը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հնարավորություն չեն ունեցել մասնակցել այդ գործընթացին, և նախագիծը մշակող պետական մարմինը սահմանափակվել է նախագիծը միայն ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում քննարկելով, ինչը չի արտացոլում հանրային քննարկումների օրենքով սահմանված նպատակները և չի համապատասխանում դրանք անցկացնելու օրենքով սահմանված կարգին (ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշում):

Ավելին, Պաշտպանի գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը մասնակցող բնապահպանական ամենաակտիվ շուրջ տասը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պնդմամբ նույնիսկ արդեն Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկմանը իրենք ներկա չեն եղել և որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումը»։

Տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեն երեկ հայտարարել էր, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչև Ազգային ժողովի կողմից ընդունվելը, քննարկման է ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգերի համապատասխան:

«Նախագիծը քննարկվել է թե ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, թե ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացվելը այն քննարկվել է նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նիստին հրավիրված են եղել նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,–նշված էր ջրային պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։