14 հուլիսի 2012 - 14:48 AMT
Սպիտակում գողերը «ԱրմենՏել» ընկերության աշխատակցին կապել են աստիճանավանդակից և գողացել նոթբուքներ ու հեռախոսներ

«ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ` հուլիսի 13–ին, ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և «Նոութբուք» տեսակի 3 համակարգիչ: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված Վարդան Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հափշտակվածն առգրավված է: Վարդան Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: