17 հուլիսի 2012 - 12:04 AMT
ՈւԵՖԱ վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 32 մարզիկ

ՈւԵՖԱ վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 32 մարզիկ, ներառյալ այդ կոչման առաջին տիտղոսակիր Լիոնել Մեսսիին և Իսպանիայի հավաքականի 8 խաղացողների: Մեսսիի մրցակիցներն են նաև Քրիշտիանու Ռոնալդուն և Հարվի Էրնանդեսը, ինչպես նաև ևս 29 ֆուտբոլիստ:

Ըստ ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի այս մրցանակը փոխարինելու եկավ նախորդ՝ ՈւԵՖԱ վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Առաջին անգամ պարգևը հանձնվել է 2011թ. օգոստոսին Մոնակոյում:

Ինչպես և 2011թ. ժյուրին կազմված է 53 մարզական լրագրողներից:

Օգոստոսի 14-ին կհրապարակվեն այն 3 թեկնածուների անունները, որոնք ամենից շատ ձայներ կհավաքեն առաջին փուլում, հետո բոլոր լրագրողները հատուկ էլեկտրոնային համակարգի օգնությամբ քվեարկելով ուղիղ եթերում կընտրեն հաղթողին:

Մեսսին «Բարսելոնայի» չորս ներկայացուցիչներից մեկն է: Մյուս երեքն են՝ Հարվին, Անդրես Ինյեստան և Սեսկ Ֆաբրեգասը:

Եվրո-2012-ի Իսպանիայի հավաքականի ևս երեք անդամներ՝ Հաբի Ալոնսոն, Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը ներկայացնում են «Ռեալը»: Վեց թեկնածու ունի նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր սիթին»: