Հուլիս 16-ի դրությամբ Արցախում ընտրողների թիվը կազմում է 98909

Հուլիս 16-ի դրությամբ Արցախում ընտրողների թիվը կազմում է 98909

PanARMENIAN.Net - ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 17-ին հրապարակել է ընտրողների թիվը 2012 թվականի հուլիսի 16-ի դրությամբ: Այն կազմում է 98909 մարդ: Այս թիվը քվեարկության օրը կարող է փոփոխվել:

ԿԸՀ նիստում փոխոստիկանապետ Մխիթար Գրիգորյանը, ներկայացնելով ընտրացուցակների վարման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշեց, որ համակարգչային ծրագրերը, որոնց օգնությամբ արդեն մի քանի տարի է վարվում են ցուցակները, հնարավորություն են տալիս ընտրողների ավելի ճշգրիտ ցուցակներ ունենալ:

Առաջին հերթին, խոսքը ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության մասին է, հաղորդում է Karabakh-open.info-ն:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական մարմնից եւ առողջապահության նախարարության կից դատաբժշկական փորձաքննության բյուրոյից ոստիկանությունը տվյալներ են պահանջել 2011 եւ 2012 թվականների ընթացքում մահացած անձանց մասին եւ, համադրելով, ճշտել ցուցակները: Սակայն ծանուցագրերի բաժանման գործընթացից ժամանակ արդեն իսկ պարզվել է, որ մոտ երկու տասնյակ մահացած անձանց տվյալներ ցուցակներում կան:

«Խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ մահացել են ԼՂՀ սահմաններից դուրս, Ռուսատանում կամ այլ երկրում: Մահվան վկայական կամ ակտային գրանցում մեզ մոտ այդ կապակցությամբ չկար»,- ասաց Մխիթար Գրիգորյանը` ճշտելով, որ այդ փաստաթղթերի հիման վրա է կատարվում ընտրողի տվյալների հանումը ընտրացուցակից:

Ընտրացուցակներում մահացած անձանց ընդգրկված լինելու մասին ահազանգել են նաեւ շտաբերից: Դրանց հավաստիությունը հարազատների օգնությամբ ստուգվել է եւ արդյունքում ընտրացուցակից հանվել են երկու քաղաքացու տվյալները:

Ցուցակների ճշգրտման հարցում նախընտրական շտաբերի հետ համագործակցությունից ավելի մեծ ակնկալիքներ ունեին ոստիկանությունում: Սակայն շտաբերը ցուցակների ճշգրտման սխալ սկզբունք են ընտրել,-ասաց փոխոստիկանապետը: Դրանք ճշտում են ոչ թե ընտրողների ցուցակը, այլ տվյալ հասցեի առկայությունը ընտրացուցակում: Մխիթար Գրիգորյանի խոսքով` եթե տվյալ բնակարանում հաշվառված ընտրող չկա, ապա դրա հասցեն, բնականաբար, չի կարող լինել ընտրացուցակում:

Ցուցակների ճշգրտման ընթացքում կրկնակի ստուգվել են քրեակատարողական հիմնարկներում օրինակն ուժի մեջ մտած դատավճռով պատիժը կրող անձանց ցուցակները:

Հաշվառման վայրի ցուցակներից հանվել են այն անձանց տվյալները, ովքեր հուլիսի 12-ի դրությամբ բանակ են զորակոչվել:

Ժամկետային զինծառայողների ցուցակները վարում են զորամասերը և նրանք քվեարկելու են զորամասին մոտ գտնվող ընտրատեղամասերում:

Այսօրվա դրությամբ ոստիկանությունը մոտ 90 տոկոսով ավարտել է ծանուցագրերի բաժանումը:

Ընտրահանձնաժողովների անդամներին այսօր լիազոր մարմնի ներկայացուցիչը զգուշացրեց, որ որոշ քաղաքացիներ կարող են տեղամաս ներկայանալ խորհրդային նմուշի անձնագրով: Խոսքն այն տարեց մարդկանց մասին է, ովքեր հրաժարվում են անձնագիրը փոխել: Այդ անձանց հանձնաժողովներում պետք է ուղեկցեն ոստիկանության համապատասխան տարածքային մարմին, տեղեկանք ստանալու համար, գյուղերում հարցը լուծվելու է տեղում` տեղամասային հանձանժողովում գտնվող ոստիկանի միջոցով: Մխիթար Գրիգորյանը այսօր տեղեկացրեց, որ 2011թվականին փոխանակել են 726 խորհրդային նմուշի անձնագիր, 2012 թվականին՝ 42 : Այս պահի դրությամբ ոստիկանությունում տեղյակ են ընդամենը երեք քաղաքացու մասին, ովքեր ունեն խորհրդային նմուշի անձնագիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---