18 հուլիսի 2012 - 11:54 AMT
ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում քննարկել են Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները

Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը:

Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով, մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, ինչպես նաև երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնում իր այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի նորանշանակ Գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ:

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում Ա. Հովակիմյանը, կարևորելով տարածաշրջանում ԿԽՄԿ դերը, անդրադարձավ Կոմիտեի և Հայաստանի միջև համագործակցության խնդիրներին:

Ս. Ալկալայի հետ հանդիպման ընթացքում նշվեց հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր: