
Ջավախքում վերջին տարիներին ավելի շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, քան բացասական, գտնում է ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը: Նրա խոսքով, ամենամեծ դրական փոփոխություններից մեկը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին կարգավիճակի շնորհումն է, որով թեմն ունի բազմաթիվ իրավասություններ:
Նա գտնում է, որ ջավախահայության շրջանում արտագաղթ կա, սակայն նաև քայլեր են արվում այն կանխելու համար: Օրինակ` ըստ Սանոսյանի, վերջին տարիներին 700-800 աշխատատեղ է ստեղծվել, կարի ֆաբրիկա, գարեջրի գործարան է հիմնվել, գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում:
Ինչ վերաբերվում է ջավախահայերի քաղաքական դիրքորոշմանը, ապա բանախոսը նշեց, որ նրանք, հիմնականում, սատարում են ներկա իշխանությանը:
Ինչ վերաբերվում է Վահագն Չախալյանի ձերբակալությանը, Սանոսյանը նշեց, որ չեն թույլատրում նրան այցի գնալ՝ պատճառաբանելով, որ իրավաբաններ են աշխատում այս գործով:
Կարևորագույն հարցը, որ պետք է լուծվի Ջավախքում, նախկին պատգամավորը համարում է հայերենին պետական կարգավիճակ տալու հարցն է: