6 նոյեմբերի 2004 - 18:58 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ «ԻՆՖՈՏԵԿ 2004» ՉՈՐՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՏՏ ոլորտում գործող 32 ընկերություններ իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում նոյեմեբերի 4-ից 6-ը Երեւանում բացված «Ինֆոտեկ 2004» ցուցահանդեսում: «Ավանդական դարձած այս ցուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելն է: Այն փաստը, որ ցուցահանդեսը կազմակերպում ենք արդեն չորրորդ անգամ, ընդգծում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումը»,- «Ինֆոտեկ 2004»-ի բացման խոսքում նշեց ՀՀ Տնտեսական զարգացման նախարարության փոխնախարար Տիգրան Դավթյանը: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում տեղական այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Յունիքոմփը», «Բիլայնը», «Վեբը» նոր արտադրատեսակներ եւ ծառայություններ են ներկայացնում սպառողներին: Մասնակից ընկերությունների կարծիքով` նման միջոցառումները նպաստում են ոլորտի ընդհանուր պատկերը եւ զարգացման հեռանկարները բացահայտելուն: «Մասնակցում ենք, որպեսզի ցույց տանք, թե ինչ նորություններ ունենք: Ծանոթանում ենք նոր ընկերությունների հետ, հնարավորություն է ստեղծվում հին գործընկերների հետ քննարկել մեր խնդիրները»,- ասում է «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը: