18 հուլիսի 2012 - 17:49 AMT
Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Շարունակվում է Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Սիվիլիթաս հիմնադրամի մամուլի ծառայությունից, հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին:

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»:

Սիվիլիթաս հիմնադրամում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում ս/թ հունիսի 28-ից, և այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի ևս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»: