8 նոյեմբերի 2004 - 18:04 AMT
ԱՄԵՆԱՅԱՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել Վլադիկավկազում սպանված` տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Զորիկ Աբեշյանի հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ սարկավագն անհետացել էր հոկտեմբերի 10-ին` եկեղեցի գնալու ճանապարհին, որից հետո` հոկտեմբերի 31-ին, նրա անդամահատված դին Վլադիկավկազի իրավապահ մարմինները հայտնաբերել էին Վլադիկավկազ-Ալագիր մայրուղու ճամփեզրին: Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել զոհվածի ընտրանիքին` դատապարտելով կատարված ոճրագործությունը: «Վրդովված հոգով դատապարտում ենք սոսկալի ոճրագործությունը` հուսալով, որ կհայտնաբերվեն եւ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այս եղեռնագործության կատարողները»,- ասված է նամակում: