19 հուլիսի 2012 - 16:06 AMT
Փորձագետ. Հեռուստաալիքները որակ ապահովելու համար պետք է որոշակի ուղղվածություն ունենան

Հայկական ՓԻԱՌ ասոցիացիայի գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար շատ կարևոր նախապայման է այն, որ յուրաքանչյուր հաղորդում պատրաստելիս համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն, հասկանալու համար թե որն է թիրախային լսարանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը:

Բացի այդ փորձագետը կարծում է, որ այն, ինչ պահանջվում է հանրային հեռուստատեսությունից, չպետք է պահանջել մասնավորներից և հանրային ու կոմերցիոն հեռուստաալիքները չպետք է նույն հարթակում քննարկել. «Հանրայինը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, մասնավորը` այլ, հանրային հեռուստատեսությունը պետք է ունենա այնպիսի հաղորդումներ, որոնք չպետք է շահույթ հետապնդեն»:

Փորձագետն այն կարծքին է, որ հաղորդումները և հեռուստաալիքները համապատասխան որակ ապահովելու համար պետք է որոշակի ուղղվածություն ունենան. « Այժմ բոլոր գործառույթները դրվել են մեկ հեռուստաընկերության վրա, որը սխալ է, ողջունելի է, որ կան հեռուստաալիքներ, որոնք ունեն հստակ ուղղվածություն և մասնագիտացած են կոնկրետ մեկ բանի վրա, օրինակ ժամանցի, երաժշտության , տեղակատվություն մատուցելու և այլն»:

Ըստ Աստղիկ Ավետիսյանի` նույնը վերաբերում է նաև հաղորդումներին, նա այն կարծիքին է, որ այսօր չկան հատուկ հաղորդումներ օրինակ դպրոցականների, տնային տնտեսուհիների համար: