10 նոյեմբերի 2004 - 16:58 AMT
Ի. ԱԼԻԵՎ. ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Կարիգ չկա աժիոտաժ ստեղծելու ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով ադրբեջանական հասարակայնության կողմից անցկացվող բողոքի գործողությունները Բաքու հայկական պատվիրակության ժամանման դեմ` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: «Ադրբեջանը չի գնա զիջումների սկզբունքային հարցերում: Եթե մենք թույլ չտանք հայերի մասնակցությունը այդ սեմինարին, ապա դա կօգտագործվի մեր դեմ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Արտահայտելով իր տարածքում միջազգային համաժողովներ անցկացնելու Ադրբեջանի ձգտումը` Ի.Ալիեւը մատնանշել է, որ եթե Բաքուն հրաժարվի այդ միջոցառումներից, ապա Հայաստանը դրանից միայն կշահի: Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, Ադրբեջան նախկինում էլ այցելել են հայ պատգամավորներ, Հայաստանի վարչապետը եւ այլ պաշտոնական անձիք: Ինչ վերաբերում է սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին, երբ հայ զինվորականներին չթույլատրվեց մուտք գործել Բաքու եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը արդյունքում չեղյալ հայտարարեց զորավարժությունները Ադրբեջանում, ապա հայերին երկիր չթողեց հենց ինքը, քանի որ տվյալ հարցը ուներ «սկզբունքային» նշանակություն, ասել է Ի.Ալիեւը: