11 նոյեմբերի 2004 - 17:46 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Թուրքիան որեւէ փաստաթուղթ չի ստացել այն մասին, թե այսուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում ցեղասպանության գաղափարները տեղ չունեն, ուստի խոսք անգամ չկա ցեղասպանությանն առնչվող Երեւանի քաղաքականությունում փոփոխության մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Նամըք Թանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա եւ այդ տեղեկությունները սոսկ լրատվամիջոցների հաղորդումներ են: Հիշեցնենք, որ պատասխանելով այն հարցին, որ երկրի 2005 թվականի պետական բյուջեի նախագծում բացակայում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցներ տրամադրելու հարցը` Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով Երեւանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Նրա խոսքերով` այդ հարցը առաջվա պես շարունակում է մնալ Երեւանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ չի վճռվում բյուջեի նախագծին ուղեկցող կառավարության ուղերձի առանձին տողով: