21 հուլիսի 2012 - 13:54 AMT
Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել ԼՂՀ նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը: