21 հուլիսի 2012 - 15:46 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Արցախում կայացած ընտրությունները համապատասխանում են առաջատար ժողովրդավարական երկրների մակարդակին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հուլիսի 19-ին տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) նախագահի ընտրությունները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետևել են ինչպես միջազգային դիտորդներ աշխարհի 22 երկրներից, այնպես էլ տեղի քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականի, ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, մի քանի թեկնածուների մասնակցությամբ՝ այդպիսով ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտումը:

ԼՂՀ-ում կայացած ընտրությունների մակադակը կարելի է համեմատել առաջատար ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան ու անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության ու խաղաղ արարման գաղափարներին մեր ժողովրդի հավատարմության մասին: Կայացած ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք ընտրել մեր ճանապարահը 1991թ. կայացած անկախության մասին հանրաքվեի արդյունքում: Յուրաքանչյուր ընտրությունների հետ ԼՂՀ ժողովուրդը իր հստակ կամքն է արտահայտում շարունակելու այդ ուղին, անցյալին վերադառնալու մասին խոսք լինել անգամ չի կարող:

Մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ մասնակցությունը ընտրություններին ու ազատ և արդար ընտրությունների արդյունքում իշխանության մարմինների կազմավորումը միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրա անտեսումն ու չճանաչումը այդ սկզբունքի կոպիտ ոտնահարում է:

Շահարկումներն այն մասին, թե ընտրությունները ԼՂՀ-ում կարող են խանգարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարագվորմանը, անհիմն են և քարոզչական նպատակ ունեն: Հակամարտության կարգավորման գործընթացում որոշիչը ԼՂՀ ժողովրդի կամքն է, ինչն ամբողջապես ընդունում են և միջազգային հանրությունը, և միջնորդները:

Ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ պետականաշինության հիմնարար հիմքն է և բխում է քաղաքակիրթ համաշխարհային հանրության շահերից: Ուստի, վերաբերմունքը ԼՂՀ նախագահի ընտրություններին չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքով, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքին: