23 հուլիսի 2012 - 16:41 AMT
Գալյա Նովենցի վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 25-ին

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հուլիսի 24-ին` Սբ. Հովհաննես եկեղեցում (ժ.18.00-20.00), իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 25-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (ժ.12.00-14.00)։ Հիշեցնենք, որ Նովենցը մահացել է հուլիսի 22-ին` ծանր հիվանդությունից հետո: Հուղարկավորությունը տեղի կունենա Թոխմախի գերեզմանատանը:

Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատեց Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր: Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը, նրա տառապանքներն ու լուռ հեծեծանքները, հոգու յուրատեսակ պոռթկումները դարձերց իր ստեղծագործության հիմքն ու ակունքը: Նրան համեմատեցին համաշխարհային կինոյի այնպիսի հռչակավոր անհատականության, ինչպիսին Աննա Մանյանին է, հետո, նրան դիտարկեցին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը: Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ, բայց այս ամենի կողքին դերասանուհու մեծագույն ներկայությունը կինոյում էր, ուր նա նկարահանվեց «Բարև, ես եմ» , «Մենք ենք, մեր սարերը» , «Այս խաչմերուկում» , «Հին օրերի երգը» , «Նահապետ» , «Մեր մանկության տանգտոն» , «Գիքորը» , «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք» և այլ հայտնի ֆիլմերում: