18 նոյեմբերի 2004 - 21:20 AMT
«ՅԱՐԽՈՒՇՏԱ» («ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐ»). ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ .ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
«Յարխուշտա» («Ռազմական պար») ֆիլմի գլխավոր հերոսը` Արցախյան պատերազմից վերադարձած հաշմանդամ Պարգեւը շարունակում է իր պայքարը խաղաղ կյանքում եւ դուրս է գալիս այդ պայքարից անկոտրուն: Դա երիտասարդ ռեժիսոր .Հարությունյանի առաջին ֆիլմն է, որը լայն արձագանք է գտել մամուլում եւ երկրի հասարակայնության մեջ: Ազատագրական կռվում ոտքը կորցրած Պարգեւը ոտքով իր գյուղից գնում է քաղաք, որպեսզի զանգահարի Հոլանդիայում գտնվող իր աղջկան: Ճանապարհին նա հանդիպում է մարդկանց անտարբերությանը եւ երբեմն էլ արհամարհանքին: Քաղաքում նրան մուրացկանի տեղ դնելով մի արվամոլ դրամ է նետում նրան: Պարգեւի համբերությունը հատում է եւ նա հարվածում է դրամը նետողին: Ինչ որ մի պահ ֆիլմի հերոսը թեւաթափ է լինում: Արցունքախառն նա հեռախոսով աղաչում է աղջկան, որպեսզի նա երեխեքի հետ հայերեն խոսի: Դուստրը հորն առաջարկում է թողնել ամեն ինչ եւ տեղափոխվել Հոլանդիա: Իր երկրի համար արյուն թափած Պարգեւը հրաժարվում է: Նա հրաժարվում է նաեւ հոլանդական պրոթեզից: «Այդ պրոթեզով դու կարող ես նույնիսկ յարխուշտա պարել», ասում է նրան դուստրը: Սակայն Պարգեւն այլ կարծիքի է. «Հայ տղամարդը հայկական պրոթեզով պետք է պարի, հայրենի հողում»: Ֆիլմի վերջում հերոսը պարում է յարխուշտա` պայքարի պարը, մնալով անընկճուն իր հայրենի հողում:
«Ֆիլմում լաց կա,- ասում է ռեժիսորը,- սակայն դա ոչ թե հուսահատ լաց է, այլ ամոքիչ, սթափեցնող: ...Պարգեւը նրանցից է ովքեր չեն հանձնվել կռվի դաշտում, եւ նրա պայքարը շարունակվում է»: Ակնկալվում է նաեւ, որ ֆիլմի մի պրեմիերա էլ կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում: