27 հուլիսի 2012 - 12:06 AMT
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Երևանի կենտրոնում շատրվանի վերանորոգման նախագիծը

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան վերանորոգված շատրվանի բացման պաշտոնական և հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մի շարք պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, ուղղված Երևան քաղաքի սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների զարգացմանը, հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծմանը և բարեկարգմանը: Քաղաքապետարանի հետ մեկտեղ նման նախագծերի իրականացման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը իրականացրել է հովանավորություն Կ. Դեմիրճյանի անվան շատրվանի վերանորոգման աշխատանքների մասով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսև, - «Մենք մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ մասնակցում ենք սոցիալական պատասխանատվության ծրագրերում: Այս անգամ Բանկը մասնակցեց Երևանի շատրվաններից մեկի վերանորոգման և բարեկարգման ծրագրին: Նման միջոցառմանը մասնակցելը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար շատ պատվավոր է և պատասխանատու է, քանի որ նման կերպով Բանկն իր ավանդն է ներդնում քաղաքապետարանի ուշադրությանն արժանի նախաձեռնության իրականացմանը, նվիրելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հերթական գեղեցիկ և բարեկարգված անկյունը մեր հնագույն և միշտ երիտասարդ Երևանում: Վստահ եմ, որ Բանկի հաջող համագործակցությունը քաղաքապետարանի հետ էլ ավելի կզարգանա, բերելով քաղաքին և քաղաքացիներին իր տեսանելի արդյունքները»: