
Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին:
Խոստմանը հավատարիմ` ամեն տարի Մարսելի փոխքաղաքապետը ողջ ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպում է Հայաստանում: Այս տարի նրանք ընդլայնել են այցելությունների շրջանակը` ընդգրկելով նաև Արցախ աշխարհը:
Նախարար Հ. Հակոբյանը ողջունեց ներկաներին` բարձր գնահատելով ֆրանսահայերի և մասնավորապես Ֆրանսիայի Սենատի պատգամավորների ջանքերը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը Սենատի քվեարկությանը դնելու համար:
Նախարարը կարևորեց Ֆրանսիայի նախագահի պատրաստակամությունը նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագիծ կդրվի Սենատի քվեարկությանը:
Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հ.Հակոբյանին հայապահպան գործունեության համար` առանձնացնելով հատկապես «Արի տուն» ծրագիրը, որով հարյուրավոր ֆրանսիահայ երիտասարդներ ճանաչում և սիրում են Հայրենիքը` կապվելով նրան ամրաամուր թելերով:
Ներկաները կիսվեցին նաև իրենց տպավորություններով: