28 հուլիսի 2012 - 13:55 AMT
Այսօր տեղի կունենա «Նոր ալիքի» վերջին մրցութային փուլը

Այսօր լատվիական Յուրմալա քաղաքում տեղի է ունենալու «Նոր ալիքի» երրորդ`վերջին մրցութային փուլը, որտեղ մասնակիցները ներկայացնելու են սեփական երգացանկից մեկ ստեղծագործություն: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը երկու մրցութային փուլերի արդյունքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, ցուցակը գլխավորում է Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցո Դել Պինտոն:

Այս տարի մրցույթին մասնակցում են 14 երկրի 16 երգիչներ:

Մրցույթի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 29-ին: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»:

Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: