28 հուլիսի 2012 - 17:07 AMT
Ահարոն Շահինյանը, ում հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մտնել Բելառուսիա, վաղը կվերադառնա Երևան

ՀՀ քաղաքացի Ահարոն Շահինյանը, ում հուլիսի 26-ից թույլ չեն տալիս մտնել Բելառուսիա, վաղը կվերադառնա Երևան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Շահինայանի որդին` Արմեն Շահինյանը:

Նա նաև հաղորդել է, որ բելառուսական կողմը հորն ապահովել է սննդով և ջրով:

Ինչ վերաբերում է Բելառուսիայում Հայաստանի դեսպանատան աջակցությանը, ապա Արմեն Շահինյանի խոսքով, դեսպանատանը հեռախոսազանգերին չեն պատասխանում և միայն էլեկտրոնային նամակ են գրել:

Ինչպես PanARMENIAN.Net-ին ավելի վաղ էր հայտնի դարձել, Շահինյանի մուտքը Բելառուսիա արգելելու պատճառն այն է, որ նա սև ցուցակում է, որը Բելառուսիային է տրամադրել Ռուսաստանը:

Արմեն Շահինյանը հաղորդել է, որ դիմել ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ասել են, որ պետք է բելառուսական կողմից գրավոր բացատրագիր, թե ինչու նրա հորը թույլ չի տրվում մուտք գործել Բելառուսիայի տարածք, ինչից հետո միայն մեր ԱԳՆ-ն կկարողանա դիմել բելառուսական կողմին:

Բելառուսական կողմը հրաժարվում է փոխհատուցել Շահինյանի թռիչքի համար, առաջարկելով, որ նա հայրենիք վերադառնա սեփական միջոցներով: