30 հուլիսի 2012 - 12:48 AMT
Ֆրանսիան մտադիր է արտահերթ նիստ պահանջել ՄԱԿ ԱԽ-ում նախագահության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է պահանջել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ ԱԳ նախարարների մակարդակով Սիրիայում շարունակվող զինված հակամարտության կապակցությամբ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ RTL ռադիոկայանի վրա հղումով:

Ֆաբիուսը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «դահիճ» է անվանել ու նշել է, որ այդ նիստը պետք է «կասեցնի սպանդը» Սիրիայում:

«Քանի որ Ֆրանսիան օգոստոսի 1-ից նախագահելու է ՄԱԿ ԱԽ-ում, մենք մտադիր ենք մինչ շաբաթվա վերջը պահանջել ԱԽ նիստի անցկացում»,-ասել է նախարարը:

Հուլիսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին «միջամտել որքան հնարավոր է շուտ»: Օլանդը ամենաընդունելի տարբերակն է համարում Ասադի հրաժարականը և Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը: