30 հուլիսի 2012 - 14:47 AMT
IBR. Խոշոր սպորտային միջոցառումները ներդրումներ գրավելու կարևոր միջոց են՝ կարծում են զարգացող երկրները

Զարգացող երկրների ընկերությունները, ի տարբերություն զարգացած շուկաների, համարում են, որ խոշոր սպորտային միջոցառումները շատ մեծ դեր ունեն ներդրումների ներգրավման գործում՝ հաղորդում է Գրանթ Թորնթոնի Միզազգային գործարար զեկույցը (IBR): Հետևաբար, զարգացած երկրները առավել մեծ ջանքեր պետք է գործադրեն այս միջոցառումներից օգուտ քաղելու և գործարար շրջանակների աջակցությունը ձեռք բերելու համար:

2012-ի Օլիմպիական խաղերի մեկնարկի առիթով IBR հետազոտությունը բացահայտում է, թե որքան ավելի մեծ նշանակություն են հաղորդում նման միջոցառումների ներդրումներ գրավելու ունակությանը զարգացող շուկաներում: Օրինակ՝ Լատինական Ամերիկայում այդպես են կարծում հարցված ընկերությունների ղեկավարների 74 %-ը, BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) շուկաների ընկերությունների 54%-ը: Ի տարբերություն նրանց` զգալիորեն նվազ ցուցանիշներ են գրանցվել Եվրոպական միությունում՝ 42%, Հյուսիսային Ամերիկայում՝ 44% և միայն 36% Մեծ յոթնյակի երկրներում:

Գրանթ Թորնթոն Մեծ Բրիտանիայի գլխավոր տնտեսագետ Ստեֆան Գիֆորդը մեկնաբանում է՝ «Հայտնի է, որ հյուրընկալող երկիրը միշտ առավելություն ունի սպորտային հաղթանակների տեսանկյունից, բայց նաև ակնհայտ է ներդրումներ գրավելու նրա առավելությունը: Զարգացող երկրների համար նման մասշտաբի սպորտային միջոցառումները դառնում են ցուցափեղկ՝ հնարավորություն տալով դուրս գալ համաշխարհային շուկա, ցուցադրել և վաճառել միանգամայն այլ հարթակներում: Զարգացած երկրների համար նրանք թերևս նույնպես նոր հնարավորություններ են ընձեռում, սակայն դրանց դիտարկում են որպես ներդրումների ներգրավման մեծ գործընթացի միայն մի մասնիկ:

Իհարկե, հասկանալի է, որ զարգացած երկրներն արդեն ունեն այն տարածքները, շինությունները, տրասպորտային և տեխնոլոգիական միջոցները, որ անհրաժեշտ են ցանկացած խոշոր միջոցառում հյուրընկալելու համար: Եվ նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար այդ երկրներում արվող ներդրումների ծավալները զգալիորեն ավելի սահմանափակ են, քան, օրինակ, Չինաստանում և Բրազիլիայում»:

Այնուամենայնիվ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ էլ Միացյալ Թագավորության գործարարները (հարցվածների 61%) մեծ ոգևորությամբ էին խոսում ներդրումների ներգրավման մասին: Ի դեպ, այս խաղերի հյուրընկալող երկրի կառավարությունն ակնկալում է առաջիկա 4 տարիներին 13 միլիարդ ֆունտ ծավալի տնտեսական օգուտ քաղել խաղերից, որից 6 միլիարդը բաժին է ընկնում օտարերկրյա ուղղակի ներդրումներին:

Ստեֆան Գիֆորդն ավելացնում է՝ «Խոշոր միջազգային սպորտային միջոցառումներ հյուրընկալելու մրցավազքում հաղթելու համար երկիրը պետք է կարողանա համոզել հասարակությանն ու գործարարներին, որ ակնկալվող օգուտը էականորեն կարդարացնի ծախսերը: Մեր հետազոտությունը մատնանշում է, որ ներկայումս զարգացած շուկաների համար համոզիչ լինելը շատ ավելի դժվար է»:

IBR-ը նաև ցույց է տալիս, որ հենց վերջերս մեծ սպորտային միջոցառումներ հյուրընկալած, կամ հյուրընկալելու պատրաստվող երկրների գործարարներն են առավել լավատես ներդրումների հարցում (բացառությամբ Չինաստանի, որտեղ Պեկինի 2008 թ-ի Օլիմպիական խաղերի թողած ժառանգության ծավալը շարունակում է մնալ չբացահայտված): Բրազիլիայի, որ 2014-ին հյուրընկալելու է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերը, իսկ 2016-ին՝ Օլիմպիական խաղերը, գործարարների 83%-ը հավատում է, որ սպորտը մեծ դեր ունի ներդրումների գրավման գործում: Նրանց հետ համակարծիք են այս տարվա Եվրոպայի առաջնությունն ընդունած Լեհաստանի գործարարների 82%, և 2010-ին ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերը հյուրընկալած Հարավային Աֆրիկայի գործարարների 78%-ը: