Սերժ Սարգսյանը հանդիպել է Լոնդունում ապրող հայերին

Սերժ  Սարգսյանը հանդիպել է Լոնդունում ապրող հայերին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում են համայնքային կամ համահայկական կառույցներում:

Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---